top of page

Կարճ ալիքի հաճախականություններ

 

Ճամփորդելու ես.

Հատելու ես սորուն ավազներ,

մառախուղի շերտեր, անհատակ ջրափոսեր:

Մտադրվի՛ր  ընկալել գաղտնի նախանշանները,

որ քեզ համար աշխարհի առարկաներն են արձակում:

 

Քո շուրջը թռչող միջատն

ի՞նչ նշանատառ է, այգու ի՞նչ խոստում է քեզ բերում:

 

Ձյան սպիտակ կրակը գավաթներում

հաջողեցրե՞ց լռեցնել ծառերի կանաչ կրակը:

Տերեւը, որ գետի ափին բաժանվում է մացառից ու ընկնում է,

Կկարողանա՞ միավորվել ջրի ճշգրիտ ճյուղին առանց կոտրվելու:

 

Աշխարհի գաղտնի սկավառակը ներդաշնակել կարողանալով՝

Ալիքներն անցնում են քո զգացմունքների մի ափից մյուսը,

Բայց կանգ ես առնում այդ էջի եզրին

Եւ քո ներսում հայտնաբերում հաճախականություն

ու փոխանցում:  Սա քո ուղերձն է, ունկնդրի՛ր այն.

Սա քո անվրդով սիրտն է, թարգմանիչը նրա,

Այդ գրագիրն ու պաշտոնյան անխոնջ,

Որն օրվա մեջ 24 ժամ ստորակետեր է դնում,

մինչդեռ զարմանքն առատորեն դավաճանում է նրան:

 

 

 

Խլուրդների  երկիր

 

Եղբայրնե՛ր, ասացե՛ք ինձ, ճշմարի՞տ է, որ  այնտեղ՝ ներքեւում

գոյություն  ունի   ուրիշ  երկիր,   պակաս   թանձր,   քան   կոչում   ենք   երկինք:

Պատմում են, որ այնտեղ արմատներն ավելի կանաչ են ու համեղ,

որ զեփյուռն անսովոր գետ է, որ ողողում է նրանց քաղցրությամբ:

Ուստի, ճշմարի՞տ է, որ խնձորը  ծառի  մտածմունքն  է, երբ վայրկյանն առավոտ է:

Ասում են՝ այնտեղ՝ հեռվում, մեռածները ողջ են,

քայլում են, ինչպես  մենք: Եվ   գանձերն   են   քայլում   նրանց  կողքով:

Նրանք, որոնց կոչում են  թռչուններ,  կամ   հրեշտակներ  կամ  հույսեր

Ընտրյալ  խլուրդներ  են,  որոնց   շնորհվեց   թեւերի  երջանկությունը:

Ձեզ   է վիճակված՝ խո՞րն է այն, թե՞ հնարավոր է հաղթահարել:

Ու՞մ եք պատմում, երբ խոսում եք լույսից. աղբյուրի՞ն:

Դուք, որ վերադարձաք   այն   խոստացված   երկրից,

փորձում եք մթության միջից մեզ ասել,

որ   այն   ինչ լուսավորում է մեզ, նաեւ   կուրացնում է: 

 

 

 

Մենակությունը մաշկային հիվանդություն է

 

Գիշերվանից  սուլում  են  անկումի   մագնիսաքարերը:

Նույն  քամին,  որ  այսօր  մեզ  պոկում  է  արմատից,

կրկնակի  թելով  մեզ  կարում  է  վաղվա  քամուն:

Մենք  փոքրատառ  հետքերն  ենք  գիշերվա  զարդամեխի  տակ…

Քաղաքը,  որտեղ  քայլում  ենք,  կոշիկ  է, որ  սեղմում  է  չափազանց,

Աներկինք  օդը  մեզ  կմատնի, մեզ  կտեսնի  կորստյան  համար,

Մեկընդմիշտ  կորսված  ծրագրերը  Մարդու

Մեկ-մեկ  կփակեն  բոլոր  ծակոտիները:

Մեզ  կդարձնենք  անջրանցիկ  մենակության  մեջ.

մաշկից  ներս  չի  ճանապարհորդի  ոչ  ոք,

մաշկից  դուրս  ոչ  ոք  չի  տեսնի  անցնելիս:

 

 

 

SPLEEN

 

Պատառաքաղով  հեշտ  է  սիրել  նիհար  ավազը, 

տարիների  ակոսով  մեզ  գրանցել  նրա  էջում:

Դուրս  կգանք  ծով  որպես  մի  հղի  կույս,

եւ  կարոտը  մեզ  կմատնի,  մեզ  կտեսնի

բացակայությունների  պարապ  զգեստով,

եւ  ստվերը  մեզ  կթագադրի:

Երեկոյան  կփնտրենք  ծովահենի  մարմինը՝

երազելով  խխունջներ,

քո  թախիծը  կգոտեւորվի

Քնած  մեդուզաներով  կամ  մեռած  հարսնացուի  քողով,

Դաշունագլուխ  արագաշարժ  ձկներով,  քաղցր  աղով:

Բայց  եկ,  կխոսենք  խխունջներում  կորսված  ժամանակից,

Ավազների  ցանցում  իր  սերկեւիլենին  կորցնող  արեւից:

Տնտեսի՛ր  լռութոյւնը, որ  մեզ  կգերազանցի  համբույրի  գրպանում

Եվ  նայի՛ր,   նայի՛ր,

Հեռվում՝  նավաբեկությունների  ժայռերում,

Ծերության  իգուանան  սպասում  է  իր  գահակալությանը:

 

 

 

Սոնետ   երկու  փախստական  մարմինների  համար

 

Շուտով  կջնջվի  շավիղը,  եւ  կգա  ձմեռը՝

Կարոտի  կեռմաններում  մեզ  ներարկելով  իր  մենությունը,

Կթողնի  մեզ  լուսնի  մաշկի  վրա  եւ  կթողնի  ծոթրինի  պատյանը,

Ծաղիկների  ճարպահետքը,  որ  չենք  կարողանա  կանխել   երբեք:

Առնետների  ոսկորներով,  որ  մեզ  ավելի  սիրեցին, 

Քեզ  համար  կպատրաստեմ  գարնան  համար   հառաչանքի  վզնոց,

Կլսենք  օղու  անձրեւելը,  որ  կցրտահարի  արեւածաղիկները,

Եվ  արդեն  մոռացված  կայծոռիկներն  ու  նրանց  ուղեծիրները

Հաղորդություն  կստանան  չոր  տատրակների    արտաթորանքի   իջվածքում…

Մեզ  մեզանից  փրկելու  համար

Բրինձ   կլինի   կամ  երկնագույն  սերմ,

Կլինեն  Աստծո   խոսքից  հրաժարված,

Գողացված  աչքերով  իշխաններ՝

Կաչաղակների  հավերժական  թանգարանի  համար:

 

 

 

SHARIPUTRA

 

Մարդը,   որ  խոսում  է  Բուդդայի  հետ

Եվ  ծառերն  է   մագլցում՝

Փնտրելով  ուդումբարայի  ծաղիկը,

Մոլորված  գրում  է  ճյուղերի  արանքում:

Քամին  անտառ  է  անտառի  մեջ,

Նրա   ստվերը  փոխվում  է,

Նա  իմաստուն  է, 

Անվերջ…

 

Մինչ  ծաղիկը  կբացվի  ժամանակի    ճյուղին,

Սիրտս  փակված  կլինի

Ճյուղին  մարդկության:

 

Jesús Jiménez Domínguez traducido al armenio

 Traducción al armenio: 

 Siranush Karapetyan 

bottom of page